Իոսիֆ Կոբզոնը բարեգործական համերգով հանդես է եկել այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Նա կատարել է Առնո Բաբաջանյանի, Գեորգի Մովսեսյանի, Ալեքսանդրա Պախմուտովայի, Յան Ֆրենկելի եւ այլ հեղինակների ստեղծագործությունները: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է ինքը՝ երգիչը:
«Ես Մոսկվայում շատ հայ ընկերներ ունեմ: Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ հիմա գտնվում եմ Երեւանում: Դա ճշմարտություն է: Ես շատ հպարտ եմ, որ Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ինձ Սուրբ Մեսրոպի շքանշան են հանձնել: Պատկերացնում եմ, թե որքան շատ բան պետք է անի հայ մարդը, որպեսզի արժանանա նման պարգեւի: Իսկ այն ինձ տվել են ոչ այնքան նրա համար, ինչ ես արել եմ, այլ նաեւ նրա համար, ինչ դեռ անում եմ: Հպարտությամբ կկրեմ այդ շքանշանը եւ աշխարհում կպատմեմ հայկական մշակույթի մասին»,-լրագրողների հետ զրույցում նշել է ռուսաստանցի երգիչը:
Կոբզոնի համերգը հրաժեշտի չէ, այլ՝ հոբելյանական: «Հրաժեշտի համերգ ես արդեն ունեցել եմ»,-ծիծաղելով ասել է երգիչն ու հավելել, որ ինքը հրեա է, իսկ հրեաների մոտ ընդունված է հրաժեշտ տալ, բայց չհեռանալ:











