Լոռիի մարզում բռնկված հրդեհը մինչ այս պահը մարված չէ: Դադարեցվել են նաեւ  հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:

«Աշխատանքները քիչ առաջ են դադարեցվել, քանի որ նման տեղանքում վտանգավոր է այս ժամին աշխատելը, վաղն առավոտան աշխատանքները կվերսկսվեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 29-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունում հրդեհի մասին ստացվել էր առաջին ահազանգը, ըստ որի հրդեհ է բռնկվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ հարակից անտառում: Մինչ այս պահը սակայն հրշեջներին չի հաջողվել մարել կրակը, քանի որ նախ տեղանքն է դժվար հասանելի, հետո նաեւ առկա են  հրդեհի բազմաթիվ օջախներ: Քամին էլ աշխատում է ի վնաս հրշեջների:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ չի բացառվում, որ անտառը դիտավորյալ այրած լինեն, այդկերպ ցանկանալով վերացնել անտառահատումների հետքերը /նման դեպք նախկինում գրանցվել է/:   Սա թերեւս իրավապահ մարմինները պետք է պարզեն, քանի որ ՀՀ վարչական օրենսգիրքը հստակ պատիժ է սահմանում բնությանը վնաս հասցնողների համար: