Վանաձոր քաղաքի բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ 69-ամյա Վոլոդյա Ավետյանը ճողվածք ունի եւ բազմիցս դիմել է Վանաձորի բժշկական կենտրոն՝ պետպատվերի շրջանակներում վիրահատվելու համար, սակայն ըստ նրա պատճառաբանել են, թե «պետպատվերի լիմիտը վերջացել է»: Այս առիթով NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը խոստացավ հետամուտ լինել խնդրին:
Արցախյան շարժման մասնակից Վոլոդյա պապիկը առաջին կարգի հաշմանդամ է, երկու ոտքերն էլ պրոթեզավորված են, սակայն դա նրան չի խանգարում. Վոլոդյա պապը իր բազմանդամ ընտանիքը պահելու համար զբաղվում է անասնապահությամբ Կարեն Դեմիրճյան փողոցի հարակից տարածքում: նա թեեւ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն չի դժգոհում իր կյանքից, նեղսրտում է միայն պատկան մարմինների ուշադրությունից թե հաշմադամների, եւ թե ազատամարտիկների նկատմամբ: «Անասնապահությամբ զբաղվում եմ, քանի որ ապրելու հնար չկա, իմ սեփական ապրանքն եմ պահում, իմ ընտանիքը յոլա եմ տանում»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմեց Վոլոդյա Ավետյանը: Նրա փոխանցմամբ՝ ինքը հաշմանդամ է դարձել 1991թ-ին՝ ականի պայթյունից:
Վոլոդյա Ավետյանը 3 աղջիկ ունի, մեկ տղա, երեխաներից երկուսը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ասում է, ամեն մեկն իր ընտանիքի հոգսերով է, ինքն ու կինն էլ ապրում են պետության կողմից իրեն տրվող հաշմանդամության թոշակով. «Կինս թոշակ չի ստանում, ինձ էլ նպաստ չի հասնում, 31 հազար դրամ ծերության թոշակ եմ ստանում»:
Առողջական խնդիրներ ունեցող Վոլոդյա պապն ասում է, որ առողջությունը չի ներում անասնապահությամբ զբաղվել, բայց «մարդու ստամոքսն ուտել ա ուզում, իսկ ես էսօր չեմ կարող գնալ ու որեւէ մեկից գումար խնդրել…ես էդ մարդը չեմ, ես էլ սենց եմ ապրում, չարչարվում ու տուժվում եմ»:
Ի դեպ, Վոլոդյա Ավետյանը բազմիցս խնդիրներ է ունենում նաեւ քաղաքային իշխանությունների հետ, ովքեր նրան արգելում են անասուններին փողոցում արածեցնել: «Քաղաքապետարանից արգելեցին, ես էլ էն տեղերում եմ տանում արածեցնում, որտեղ ծաղիկ չկա»,-ասաց նա:
Պատրաստեց՝ Էդվարդ Արզումանյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ հեղինակի











