Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասթում հարյուրավոր մարդիկ ցույցի են ելել՝ բողոքելով քաղաքապետարանի շենքից բրիտանական «Յունիոն Ջեք» դրոշը հանելու քաղխորհրդի որոշման դեմ: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ:
Յունիոնիստները (Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակիցները) փորձել են ներխուժել քաղաքապետարանի տարածք եւ ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հինգ ոստիկան, քաղաքապետարանի շենքի երկու հսկիչ եւ մեկ ֆոտոլրագրող ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է «Էքսպերտ Օնլայն»-ը:
Բելֆասթի քաղխորհրդի տեղերի մեծամասնությունը զբաղեցնում են հանրապետական-կաթոլիկները, որոնք կողմ են Հյուսիսային Իռլանդիայի առանձնանալուն: Նրանք զիջել էին յունոնիստներին՝ վճռելով, որ դրոշը քաղաքապետարանի շենքին կտեղադրվի տարվա մեջ 17 օր՝ պաշտոնապես սահմանված հիշարժան ամսաթվերին: Սակայն այդ որոշումը չի բավարարել յունոնիստներին:











