Իրանի Press TV հեռուստաալիքն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ցուցադրել է Boeing ScanEagle անօդաչու թռչող սարքը, որն Իրանը գրավել է իր օդային տարածքում:

Իրանի ներկայացուցիչների ներկայացմամբ, իրենք կարողացել են իրենց ձեռքը վերցնել ամերիկյան սարքի կառավարումը, որից հետո այն վայէջքի են տարել: Միաժամանակ, ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հերքել է անօդաչու թռչող սարքի կորստի մասին լուրերը, հայտարարելով, որ բոլոր նմանատիպ սարքերը գտնվում է են խիստ հաշվառման տակ, ուստի դրանցից մեկի կորստի մասին անմիջապես տեղյակ կլինեին:

Ինչպես գրում է Associated Press-ը, երկու կողմն էլ կարող են ճշմարիտ լինել, քանի որ ԱՄՆ-ը միակ երկիրը չէ, որն այդ տարածաշրջանում ScanEagle-ներ է օգտագործում: Այդպիսի անօդաչու թռչող սարքեր են պատրաստում նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում: ԱՄԷ-ն ու Իրանը տասնամյակներ շարունակ վիճում են Պարսից ծոցի մի քանի կղզիների համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտնված անօդաչու թռչող սարքի վրա ոչ մի ճանաչելի նշան չի երեւում, ուստի դրա պատկանելիությունը հստակ որոշելն անհնար է: