Ֆիլիպիններում վերջին 20 տարիների ամենաուժեղ թայֆունի` «Պաբլոյի» զոհերի թիվը դեկտեմբերի 6-ի առավոտյան, պաշտոնական տվյալներով, հասել է 325-ի, 379-ը անհետ կորած են, վիրավորվել է 411 մարդ:
Ըստ քաղաքացիական պաշտպանության նախնական տվյալների` թայֆունը երկու օրվա ընթացքում ավերել է 4,7 հազար տուն, դրանցից ամբողջովին ավերվել են երկու հազարը: Ապաստարաններում 185 հազար մարդ կա: Ամենից շատ տուժած երեք նահանգներում` Արեւելյան Դավաոյում, Հարավային Դավաոյում եւ Կոմպոստելա-Վելիում, արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Միջազգային Կարմիր խաչը կոչ է արել է 4,8 միլիոն դոլարի գումարի չափով շտապ օգնություն ցուցաբերել տուժած շրջանների բնակիչներին: Ամենալուրջ խնդիրը դեղորայքի, չոր հագուստի եւ վրանների պակասն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Ֆիլիպինների մթնոլորտային, երկրաֆիզիկական եւ աստղաբանական ծառայությունների վարչության (PAGASA) տվյալների` երկու օր առաջ Ֆիլիպիններում սկսված թայֆունը հանդարտվել է եւ այժմ որակվում է որպես արեւադարձային փոթորիկ:
Ներկայումս քամու արագությունը կազմում է 115 կմ/ժ: Սպասվում է, որ թայֆունը Ֆիլիպինները կլքի դեկտեմբերի 7-ի առավոտյան:











