CNN-ի լրագրողները կազմել են ամենահայտնի վիրուսային տեսանյութերի ցանկը, որոնք համացանցում տեղադրվել են 2012 թվականին: Ցանկը գլխավորում է ռեկորդակիր տեսահոլովակը, որը հասցրել է արդեն պատմության մեջ մտնել:
Հարավկորեացի կատարող PSY-ի Gangnam style երգի տեսահոլովակը դեկտեմբերի 6-ի դրությամբ YouTube-ում դիտել են ավելի քան 890 մլն անգամ: Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, իրենից հետ թողնելով Ջասթին Բիբերի Baby երգը:
Gangnam style-ի հնչյունների ներքո պարել է ե’ւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ե’ւ ֆիլիպինյան բանտարկյալները, ե’ւ ամերիկացիները՝ Սինդի փոթորկի ժամանակ: Նույնիսկ Միթ Ռոմնիին են ստիպել պարել Gangnam ոճում, ճիշտ է, առանց նրա կամքը հարցնելու: Այդ նմանակումը հոկտեմբերի սկզբից մինչ օրս շուրջ 26 մլն դիտում է արձանագրել, հաղորդում է NEWSru.com-ը:
Ինտերնետում դիտումների մեծ քանակ է արձանագրել նաեւ ամերիկյան TNT-ի բելգիական մասնաճյուղ TNT Drama հեռուստաալիքի գովազդային ակցիայի մասին պատմող հոլովակը: Այն հոկտեմբերի սկզբից հասցրել է 40 մլն դիտում արձանագրել: Հեռուստատեսության աշխտակիցները փողոցում սյուն են տեղադրել, որի վրա «Ավելի շատ դրամա» գրությամբ կոճակ է եղել: Երբ հետաքրքրասեր անցորդներից մեկը համարձակվել է սեղմել կոճակը, աներեւակայելի դեպքեր են սկսվել: Հանկարծ պատգարակով հիվանդին դեպի շտապօգնության մեքենան տեղափոխելիս այն ընկնում է, որի վրայով մեքենա է անցնում: Այդ մեքենային է բախվում հեծանվորդը եւ ծեծկռտուք սկսում բուժեղբոր հետ: Հայտնվում է ոստիկանությունը, փոխգրաձգություն է սկսվում, մեկ մարդ վիրավորվում է:
Ամենահայտնի տեսանյութերի մեջ է հայտնվել նաեւ այլ ոճի մի տեսանյութ: Երիտասարդն իր սիրելիին օրիգինալ կերպով ռոմանտիկ առաջարկություն անելու համար մի ողջ ներկայացում է բեմադրել: Աղջկան նստեցրել են բեռնատարի թափքում եւ ձեռնաշղթաներ հագցրել: Երբ հնչել է Բրունո Մարսի Marry You երգը, աղջկա համար ներկայացումն սկսվել է: Մեքենայի հետեւից մարդիկ երգել ու պարել են: Կես տարում այս տեսանյութը դիտել է ավելի քան 16 մլն մարդ:











