Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կշարունակի աշխատանքը ԼՂ խնդրին խաղաղ եւ երկարատեւ լուծում գտնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դուբլինում, ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, կշարոնակենք նպաստել հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Խնդրի կարգավորման այլ տարբերակներ չենք տեսնում, քան կողմերի միջեւ խաղաղ բանակցությունները: Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները լավ հայտնի են»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, տարածաշրջանում կարեւոր կայունացնող գործոն են մնում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերով Ժնեւյան բանակցությունները: Գլխավորը, որ դրա բոլոր մասնակիցները գիտակցեն այսօրվա իրողությունները եւ չփորձեն լղոզել համաձայնեցված օրակարգը:











