ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը կլինի լավագույնը մեր ազգի, ժողովրդի ապագա իղձերն իրականացնելու համար: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 6-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքելով հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման հնարավորությունը եւ ընդհանրապես ինչպիսի՞ն կլինի նա որպես նախագահի թեկնածու: «Կարծում եմ Ձեր նշած թեկնածությունը կլինի լավագույնը մեր ազգի ապագայի համար»,-ասաց նա: հարցին, թե ի՞նչ նկատի ունի, Շարմազանովն արձագանքեց. «Հումորի զգացում չունե՞ք»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի բրյուսելյան այցին եւ եվրոպաշտոնյաների այն դիտարկմանը, թե Ծառուկյանը լավատես եւ մարդկային գործիչ է, ՀՀԿ մամուլի խոսնակն ընդգծեց. «Ես բրյուսելյան այցի հետ կապված այսօր ամբողջական պատասխան տվել եմ: Իմ պատկերացմամբ երկրի նախագահի եւ գերագույն գլխավոր հրամանատարի համար շատ ավելի առաջնային գործոններ են անհրաժեշտ: Դա քաղաքական կենսագրությունն է, պետական գործչի անցած ուղին, փորձառությունը, Արցախյան հերոսամարտի ղեկավար լինելը եւ այլն եւ այլն: Կարծում եմ 3 միլիոնից 2.5 միլիոնը կարող են լինել լավատես ու մարդկային»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իրեն զգուշացրել է, որ ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչող արտահայտություններն արժանանում են ՀՀ միլիոնավոր քաղաքացիների կոշտ գնահատականներին ու վիրավորական արտահայտություններին, Շարմազանովն ասաց. «Նախ այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնավոր հայերի կարծիքի մասին, արդեն զվարճալի եւ ժպիտ առաջացնող երեւույթ է: Երկրորդ. կարծում եմ, որ ինքը ոչ ճիշտ թեկնածու է ընտրել շանտաժելու եւ սադրանքով խոսելու համար: Եթե մի քիչ ուսումնասիրեր իմ կենսագրությունը, կգիտակցեր, որ անօգուտ զբաղմունքով է ընտրել: Երրորդ. վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են: Ես երբեք վիրավորանքներից չեմ խոսել, այսօր եւս չեմ խոսի: Եվ չորրորդ. բարեկամաբար խորհուրդ կտամ հաճախակի կուռքեր փոխողին, որ կուռքերի պաշտամունքով զբաղվելն անշնորհակալ գործ է»:
Նրա խոսքով, ՀՀԿ գերագույն մարմնի նիստում ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի մասին չեն խոսել, քանի որ ժողովրդավարական քաղաքական ուժ եւ մշտապես մրցակցության կողմնակից են: «Քաղաքական պատասխանատվությունը մեզ համար շատ կարեւոր է, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ մի ամիս առաջ մի բան են ասում, իսկ երկրորդ ամիսը՝ մեկ այլ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրությունները լինեն լավագույնը նախագահական ընտրությունների շարքում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստին քննարկվել են դեկտեմբերի 15-ի համագումարի տեխնիկական եւ կազմակերպչական հարցեր: Եւս մեկ անգամ վերահաստատել են Սերժ Սարգսյանին առաջադրելու իրենց պատրաստակամությունը: Քննարկումներ են եղել նախընտրական ծրագրի շուրջ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ իր Թուրքմենիա այցելության արդյունքները:











