Աթենքում 2008թ. դեկտեմբերի 6-ին ոստիկանների կողմից սպանված դեռահասի հիշատակին նվիրված հանրահավաքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, դյուրավառ նյութերով շշեր: Ըստ տեղական հեռուստաալիքների հաղորդման`երիտասարդների մի խումբ հարձակվել է երկու ֆոտոլրագրողների վրա եւ խլել լուսանկարչկան սարքերը: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սալոնիկում:

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ Աթենքում ոստիկանությունը ձերբակալել է 56 մարդու:

Հիշեցնենք, որ  մեկ տարի առաջ եւս դեռահասի մահվան տարելիցի ցույցերը հանգեցրել էին ոստիկանության հետ բախումների եւ 50 մարդու ձերբակալության:

Հունաստանում 2008թ. դեկտեմբերի 6-ին 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսի սպանությունը հանգեցրել էր երիտասարդության եւ ոստիկանության միջեւ բախումների, հայուրավոր խանութների, բանկերի, բենզալցակայանների, մեքենաների ավերման եւ հրդեհման։

Այդ չարաբաստիկ օրը Գրիգորոպոլուսին սպանած ոստիկան Էպամինոնդոս Կորկոնեասը 2010թ. հոկտեմբերի 11-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպանվածի մայրը ազգությամբ հայ է եւ Հունաստանի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ: