Դեռեւս 2012թ. մարտին չորս ռոբոտներ հաղթահարել էին Հավայան կղզիները ԱՄՆ-ի ափերից բաժանող 4630 կմ տարածությունը եւ ավտոմատ սարքերի անցած տարածության ռեկորդ սահմանել։

2012-ի դեկտեմբերի 5-ին չորսից մեկը հասել էր Ավստրալիա՝ ռեկորդը դարձնելով 16668 կմ։

Liquid Robotics ընկերության PacX Wave Glider սարքը կազմված է ճոպաններով կցված երկու մասից՝ վերջրյա եւ ստորջրյա։ Առաջինը արտաքնապես սերֆինգի տախտակ է հիշեցնում՝ համալրված արեւային մարտկոցներով, ալեհավաքներով, համակարգչով եւ GPS համակարգով, ինչպես նաեւ եղանակի, ջրի բաղադրության եւ օվկիանոսի մասին այլ կարեւոր տեղեկությունների բազմաթիվ ցուցիչներով։

Ստորջրյա հատվածն ունի հատուկ թեւեր, որոնք սարքը շարժում են՝ օգտագործելով ալիքների էներգիան, գրում է vesti.ru-ն։

Հավայան կղզիներից հետո երկու սարքեր ուղեւորվել են Ճապոնիա, մյուս երկուսը՝ Ավստրալիա։ Առաջինը տեղ է հասել Papa Mau անունով սարքը՝ ճանապարհին ենթարկվելով փոթորիկների եւ շնաձկների հարձակման։

Ըստ սարքը մշակողների՝ մոլորակի երեք քառորդը ծածկող օվկիանոսները բազում չբացահայտված գաղտնիքներ ունեն, որոնք պետք է ուսումնասիրել։

Երեք այլ սարքեր շարունակում են լողալ Խաղաղ օվկիանոսում։