Կոնգրեսական Ադամ Շիֆն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի մինչեւ 1991 թվականը գործած, այնուհետեւ ռազմական գործողությունների ընթացքում վնասված օդանավակայանի աշխատանքի վերսկսումը։ Նա այդ մասին նշել է Կապիտոլիումի բլրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմանը նվիրված միջոցառման ընթացքում «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում։

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը  նաեւ ընդգծել է, որ օդանավակայանի աշխատանքի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդու հիմնարար՝ ազատ տեղաշարժման իրավունքով ապահովելն է։

«Ամերիկայի ձայնի» թղթակցի հարցին, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է աջակցել Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ ստեղծված իրավիճակին, կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել է. «Կարծում եմ, Ամերիկայի պաշտոնատար անձինք պետք է Ստեփանակերտի օդանավակայանի ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան, եւ ես օդանավակայանի բացմանը խոչընդոտող ոչ մի օրինական պատճառ չեմ տեսնում»։

Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ դեմոկրատ Ֆրենկ Պալոնեն եւ հանրապետական Էդ Ռոյսը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին դեկտեմբերի 7-ին Կապիտոլիումի բլրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմանը նվիրված միջոցառում էին կազմակերպել։

Հյուրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։