Սիեթլիի քաղաքապետարանում դեկտեմբերի 9-ին՝ Վաշինգտոն նահանգում նույնասեռ ամուսնությունների պաշտոնական գրանցումը թույլատրող օրենքի ուժի մեջ մտնելու օրը, 140 նույնասեռական զույգ գրանցել է ամուսնությունը:

Քաղաքապետարան ժամանած զույգերին ողջունել է Սիեթլիի քաղաքապետ Մայք Մաքգինը, որը կատարվածն անվանել է «կարեւոր օր, ուրախալի օր», հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով AP-ին: Վաշինգտոնում ապրող եւ այլ նահանգներում նախկինում ամուսնացածների ամուսնությունները մեխանիկորեն օրինականացվել են: 

Վաշինգտոնը դարձել է ամերիկյան երեք նահանգներից առաջինը (Մենի եւ Մերիլենդի հետ միասին), որտեղ նույնասեռ ամուսնությունները օրինականացվել են համաժողովրդական հանրաքվեների միջոցով: Քվեարկությունը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 6-ին` նախագահական ընտրությունների հետ միաժամանակ:

Ավելի վաղ նույնասեռ ամուսնություններն օրինականացվել էին Նյու Յորք, Կոնեկտիկուտ, Այհովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ նահանգներում եւ Կոլումբիա շրջանում: