Գյումրիում արտագաղթի կանխումը վաղուց ունի կենսական նշանակություն, որի նպատակով, բնակարանաբար, առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գործազրկության եւ անօթեւանության խնդիրները: Սակայն ոչ պակաս կարեւոր է երիտասարդության եւ հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում արտագաղթի կանխման ուղղությամբ նաեւ այլ անհետաձգելի գործողությունների իրականացումը` նրանց Գյումրիում պահելու նպատակով: Թերեւս կարեւորագույն քայլերից են Գյումրիում մշակութային եւ ժամանցային օջախների հիմնումն ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի ընդունումը եւ իրականացումը:
Անգամ անզեն աչքով դիտարկելիս երեւում է, որ արտագաղթը առավել տարածված է հենց երիտասարդության շրջանում: Ու եթե երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքները հույս ունեն, որ պետությունը վաղ թե ուշ իրենց ապահովելու է բնակարաններով, ապա երիտասարդ ընտանիքները անգամ այդ հեռահար հույսը չունեն, մինչդեռ նրանց մեծ մասն ապրում է վարձով բնակարաններում:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում երիտասարդ գյումրեցի ընտանիքներին հուզող առավել կարեւոր մի քանի խնդիրների մասին իր մտորումներն է կիսում երիտասարդ գիտնական, երկու մանկահասակ երեխաների մայր Լիլիթ Կիրակոսյանը:











