Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված առաջինում ասվում է, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար, ազատ իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի օրը հրավիրված երթից առաջ հիշեցրեց ՀՀՇ նախագահ, ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը եւ ավելացրեց, որ 193 երկիր այս փաստաթուղթն ընդունում են հիմք, որովհետեւ սրանից լավ փաստաթուղթ այս բնագավառում, որեւէ մեկը չկարողացավ ստեղծել:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ իր խոսքում նշեց, որ 2008թ-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանության օրը իրենք անցկացնում են այս իրավունքի երթը: «Մեր համաժողովրդական շարժման համար այս երթերը դարձել է յուրահատուկ հաշվետվության ձեւ եւ պայքարը շարունակելու վճռականության արտահայտում: Քանի որ գալիս են բախտորոշ նախագահական ընտրություններ բոլորդ կոչ ենք անում համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ եւ ամեն ինչ անենք, որ բռնապետներին քշենք այս երկրից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Իսկ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորեց հասկանալ, ընկալել այս պատմական պահի կարեւորությունը եւ ամեն ինչ անել, որ խորացնեն այն քաղաքական համախմբման գործընթացը , որը եթե խորանա, ժողովրդին կազատի ատելի ռեժիմից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











