Օսլոյում կայացել է խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը հանձնելու հանդիսավոր արարողությունը: Արարողությանը Եվրամիությունը ներկայացրել են ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մրցանակի գումարն այս տարի կազմել է 1,2 մլն դոլար:

«Մինչ Եվրոպան դժվարությունների առաջ է կանգնած, Նոբելյան կոմիտեն որոշել է ցույց տալ, ոթե ինչ է նշանակում Եվրոպան խաղաղության համար»,-հայտարարել է Նոբելյան կոմիտեի ղեկավար եւ ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը:

Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Օսլոյում բողոքի ակցիայի ֆոնին: Իրավապաշտպան կազմակերպությունների հարյուրավոր ակտիվիստներ Օսլոյի փողոցներ են դուրս եկել՝ բողոքելով Նոբելյան կոմիտեի որոշման դեմ:

Օսլոյում անվտանգության ուժեղացված ռեժիմ է մտցվել. Ոստիկանները մտահոգված են արարողությանը մասնակցելու համար Օսլո ժամանած եվրոպացի պաշտոնյաների կյանքի համար: