Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր` դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-14:00-ը, կայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին վերջին հրաժեշտի արարողությունը (ֆոտոռեպորտաժ):
Ֆլորա Մարտիրոսյանին վերջին անգամ հրաժեշտ տալու համար հավաքվել էին թե հասարակական,քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, արվեստի ներկայացուցիչներ եւ հազարավոր երկրպագուներ:
Այսօր Երեւանի քաղաքային պանթեոնում կկայանա երգչուհու հուղարկավորությունը: Երգչուհուն հրաժեշտ տալու համար Արամ Խաչատրյան համերգասրահ էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկինը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլ պաշտոնյաններ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվանից մեկ շաբաթ անց` նոյեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման եւ հուղարկավորության ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը: Երգչուհու աճյունը Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 10-ին:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին՝ Գյումրիում: 1971 թ. ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, 1974-1978 թթ.՝ սովորել Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, 1981-1986 թթ. ուսումը շարունակել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի հետագա վերելքի համար կարեւոր դեր է ունեցել Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատարն էր 1976-1991 թթ.: 1990-ականներին տեղափոխվելով ԱՄՆ՝ շարունակել է իր ազգանվեր գործունեությունը՝ հայ տոհմիկ եւ ազնվահունչ երգով նպաստելով հայապահպանության եւ հայրենիքն ու սփյուռքը մշակույթով համախմբելու կարեւոր գործին: Վերադառնալով հայրենիք 1997-2001 թթ. աշխատել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն: 2002-2008 թթ. ղեկավարել է Լոս-Անջելեսում իր հիմնադրած Բրբենքի եւ Հոլիվուդի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները: 2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին Հայաստանից եւ արտերկրից մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա: 2007 թ. հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին «Այլեւս երբե´ք» ասելուն: «Այլեւս երբե´ք» խորագրով շարքի վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում. այն պետք է շարունակվեր աշխարհի մի շարք երկրներում եւ Հայաստանում մինչեւ 2015 թ.: Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց համար բացահայտել են Հայաստանն ու հայ ժողովրդին՝ միանալով մի հպարտ ազգի բողոքին: Ֆլորա Մարտիրոսյանի երգն ընդմիշտ կմնա հայ երգարվեստի պատմության էջերում եւ հանդիսատեսի հիշողության մեջ: Տարիներ շարունակ երգչուհին իր հոգեթով ձայնով ու երգեցողական բարձր վարպետությամբ հուզել է հայ եւ օտարազգի երաժշտասերների:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











