Նախօրեին Մոսկվայում հանդուգն կողոպուտ է կատարվել՝սպանությամբ. առեւանգվել է 20 մլն ռուբլի: Ընդ որում, գողերը սկզբում սխալ մեքենայի վրա են հարձակվել: Life News-ը ականատեսների մեքենաների տեսագրանցող սարքերի արձանագրած կադրերի օգնությամբ վերարտադրել է կողոպուտը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են գողերը հարձակումից մի քանի րոպե առաջ սխալ մեքենայի վրա գրոհում: Խաչմերուկում Սերգեյ Մակեեւի փողոցից հանկարծ երկու ավտոմեքենա՝ Audi A8 եւ Porsche Cayenne, արգելափակում են երթեւեկության հոսքը: Դրանցից դիմակավոր երիտասարդներ են վազում դուրս:
Հանցագործները հարձակվում են սպիտակ ավտոմեքենայի վրա (Mazda CX5): Հասկանալով, որ սխալվել են, վեց գողերը, ոչ մի կրակոց չարձակելով, նստում են մեքենաները եւ սլանում Զվենիգորոդի մայրուղով:
Տառացիորեն մեկ րոպե անց դեպքի վայր են ժամանում ոստիկանության երկու մեքենա: Քանի դեռ ոստիկանները շփվում են Mazda CX5 մեքենայի տուժածների հետ, այդ վայրից 300 մ այն կողմ տեղի են ունենում գանգստերական ֆիլմի սյուժե հիշեցնող գործողություններ:
Audi-ով եւ Porsche-ով հանցագործները վազանցում են Hyundai Starex-ին, որում իսկապես 20 միլիոն ռուբլի կար, եւ ճանապարհն արգելափակելով` նետվում մեքենայի ուղղությամբ: Այս անգամ գողերը մուրճերով ջարդում են մեքենայի ապակիները եւ կրակում ինքնաձիգներից:
Hyundai-ի 43-ամյա վարորդ Դմիտրի Ռոզմախովը տեղում մահացել է: Նրա 46-ամյա ընկեր Օլեգ Զեմչենկովը վիրավորվել է: Հարձակման առաջին ժամերից հետո ոստիկանները եւ քննիչներն իմացել են, որ Զեմչենկովը լոգիստիկայով զբաղվող ընկերության գլխավոր տնօրեն է, որը դեկտեմբերի 6-ին 20 միլիոն ռուբլու վարկային պայմանագիր էր կնքել բանկի հետ, իսկ երեկ էլ ուղեւորվել էր գումարի հետեւից:
Դեկտեմբերի 11-ի առավոտյան ոստիկանությունը հարձակման վայրից 5 կմ հեռու հայտնաբերել է այրված Audi A8 մեքենան:











