Մահացել է հնդիկ լեգենդար երաժիշտ Ռավի Շանքարը։ Սիթառի վիրտուոզը մահացել է ամերիկյան Սան Դիեգոյի հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին մեկ շաբաթ առաջ՝ շնչառության գանգատներով։ Նա 92 տարեկան էր։
Շատերը կարծում են, որ հենց Ռավի Շանքարի շնորհիվ աշխարհը ճանաչեց եւ սիրեց հնդկական երաժշտությունը։ Դրան մեծապես նպաստել է «Բիթլզի» եւ «Ռոլինգ Սթոունզի» հետ երաժշտի համագործակցությունը։
1969թ. Ռավի Շանքարը մասնակցել է «Վուդսթոք» լեգենդար փառատոնին, իսկ 80-ականներին համերգ է տվել Իեհուդի Մենուհինի հետ։
Ջորջ Հարիսոնը Ռավի Շանքարին ավանել է «համաշխարհային երաժշտության կնքահայր», նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռավի Շանքարը բազմաթիվ մրցանակների եւ պատվավոր կոչումների դափնեկիր է, արժանացել է դոկտորական 14 պատվավոր տիտղոսների, Ճապոնիայի կայսերական մրցանակի։
1999թ. Ռավի Շանքարը արժանացել էր Հնդկաստանի ամենահեղինակավոր Bharat Ratna՝ «Հնդկաստանի գանձ» մրցանակին։ Երաժշտի կարիերան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Ռավի Շանքարը ծնվել էր 1920թ. ապրիլի 7-ին՝ հնդկական Վարանսի քաղաքում։ Վերջին տարիներին կնոջ հետ բնակվում էր Կալիֆոռնիայում։ Ունի երկու դուստր, որոնք եւս հայտնի երաժիշտներ են՝ երգչուհի Նորա Ջոնսը եւ սիթառահար, երգահան Անուշկա Շանքարը, ով հաճախ ելույթ էր ունենում հոր հետ։











