Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկել են նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել նիստին:
Քաղխորհրդի նիստից հետո ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ընդամենը նշեց հետեւյալը. «ՀԱԿ-ում այս պահին շարունակվում են ստեղծված նոր քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումները: Վերջնական որոշում կլինի քննարկումների ամփոփումից հետո»:
Նա չպատասխանեց այլ հարցերի, թե սպասելի էր իրենց այլընտրանքային գործընկերների նման վարվելակերպը եւ այլն, եւ այլն: Իսկ, վերջնական որոշումը ասաց, որ կլինի առաջիկա օրերին: ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստին մասնակցող մնացած ներկայացուցիչները` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ այլք չպատասխանեցին լրատվամիջոցների ոչ մի հարցի` նշելով, որ քաղխորհուրդը լիազորել է Արման Մուսինյանին:











