Մոնտերեյի ծովածոցի լողափերից մեկում մի գեղեցիկ առավոտ ինչ-ինչ պատճառներով ավազի մեջ նետված հազարավոր Հումբոլդտի կաղամարներ են գտել: Բնակիչներին ապահովության համար զգուշացրել են, որ ուտելու նպատակով ծովամթերքը չհավաքեն:

Սա վերջին վեց շաբաթում կաղամարների զանգվածային ինքնասպանության արդեն երրորդ դեպքն է: Մարդիկ դեռ ողջ մնացած կենդանիներին ջուրն են գցել, սակայն վերջիններս կրկին վերադարձել են: Ափում երիտասարդ կաղամարներ են եղել՝ մի քանի տասնյակ սմ երկարությամբ: Սովորաբար Հումբոլդտի կաղամարների երկարությունը կարող է հասնել 2 մետրի:

Մասնագետները ենթադրում են, որ պատճառը կարող են թունավոր նյութերը լինել: Օրինակ, որոշ ջրիմուռներ թունանյութերի աղբյուր են:

Հետաքրքիրն այն է, որ Հումբոլդտի կաղամարներ այդ ջրերում արդեն մի քանի տարի չէին տեսել: 1997թ.-ից նրանք չէին երեւում այդ կողմերում: Ենթադրվում էր, որ ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով դրանք տեղափոխվել են հյուսիս:

NEWSru.com-ը գրում է, որ Հումբոլդտի կաղամարներին լատինամերիկացիները մեծարում են նույն անվամբ, որով Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին՝  furia roja, այսինքն՝ «կարմիր սատանա»: