Ժամանակավոր կացարաններում եւ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթեւան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաեւ նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ` դեկտեմբերի 13-ին անակնկալ այցելություններ կատարեց «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների: Գյումրիի համայնքապետը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին նվիրեց ամերիկաբնակ մեր հայրենակիցների կողմից հանգանակված գումարով Մուշ-2 նորակառույց թաղամասում գնված բնակարանը: Նշենք, որ այդ ընտանիքի մասին «Շիրակ կենտրոնի» եւ hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանի կողմից դեռ 3 ամիս առաջ պատրաստված` «Գյումրիում 11 անչափահասներից բաղկացած անօթեւան ընտանիքը ապրում է վարձով բնակարանում» տեսանյութը հրապարակվել էր հայաստանյան առաջատար մի շարք էլեկտրոնային պարբերականներում:

«Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութում ներկայացվում են դրվագներ 14 անձից բաղկացած բազմանդամ անօթեւան ընտանիքին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի անակնկալ այցելությունից, որի ժամանակ  էլ ընտանիքին նվիրվեց նշված բնակարանը: