Ոստիկանության Ավանի բաժանմունքում դեկտեմբերի 8-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ավանի Աճառյանի փողոցի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել, իսկ սպանողը փորձում է թաքցնել դիակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է Շուրա Աբրահամյանի դիակը` բռնության հետքերով: Հիշյալ բնակարանից Ռոբերտ Մելքոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք, հիշել է անցյալ օրերի մանրամասները եւ բաժակաճառերի բովանդակությունը: «Որ պետք էր լինում, կենաց էլ էինք ասում: Շատ եմ խմել ընկերոջս կենացը»,- նշել է սպանության մեջ մեղադրվող Ռոբերտ Մելքոնյանը: Խոսելով սպանության պատճառների մասին` նա պատմել է, որ դեկտեմբերի լույս 7-ի գիշերը կերուխումներից մեկի ժամանակ Ռոբերտ Մելքոնյանը ընկերոջը հրավիրել էր իր հարկի տակ խմելու: Ի դեպ, նրանք հաճախ են խմել անճանաչելի դառնալու աստիճանի: Իսկ դատարկվող բաժակների պարունակությունը ջրով բացած բժշկական սպիրտ է եղել: Խմելու ընթացքում Շուրիկ Աբրահամյանը ձեռնափայտով պատահաբար խփել է ջահին եւ հարվածից ջահը տապալվել է: Տեսարանը զայրացրել է Մելքոնյանին: Զայրույթը կրկնապատկվել է, երբ ընկերը նույն հետեւողականությամբ ջարդել է սկահակը: Ռոբերտը վերցրել է բաժակակցի ձեռնափայտը եւ սկսեց հարվածել նրան: Ծեծելուց հետո Մելքոնյանը նույն ոգով շարունակել է խմել անտեսելով գետին ընկած ընկերոջը: Այնուհետեւ ձայն է տվել, թե «Շուրիկ, Շուրիկ, հել մի բաժակ էլ խմենք»:
«Տեսա իրար չի գալիս: Հետո պուլս մուլսը նայեցի տեսա արդեն սառած է»,- պատմել է Մելքոնյանը: Ռոբերտ Մելքոնյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն:











