Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է մի խումբ մարդկանց ձերբակալման մասին, ովքեր Աջարիայի տարածքում հասարակաց տներ են կազմակերպել: ՆԳՆ-ն նաեւ տեսանյութ է տեղադրել Գոնիոյում տեղի ունեցած հատուկ գործողության մասին:
Ձերբակալությունը կատարվել է դեկտեմբերի 16-ի երեկոյան: Բնակարանները մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով հանձնելու մեղադրանքով ձերբակալվել է 5 մարդ՝ Վրաստանի քաղաքացիներ Նանա Մ.-ն ու Ինգա Բ.-ն, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքացիներ Հուսեյն Ի.-ն, Օմեր Ք.-ն եւ Ջեսուր Մ.-ն:
Գործի նյութերի համաձայն, նշված անձինք Բաթումիի եւ Գոնիոյի հյուրանոցներում համարներ են վարձել, որտեղ հասարակաց տներ են կազմակերպել:
ՆԳՆ-ն նշում է, որ բոլոր ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տվել եւ համագործակցում են քննության հետ: Նրանց սպառնում է 2-4 տարվա ազատազրկում:
Միաժամանակ, վրացական լրատվամիջոցները գրում են, որ իրավապահների հատուկ գործողությունը տեղի է ունեցել կիրակի ուշ գիշերին, Գոնիոյում, որտեղ տեղի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է շուրջ 20 մարմնավաճառ եւ 5 տղամարդ: Հետո նրանց մեծ մասին ազատ են արձակել:











