Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել ռուսների, իրենց կարծիքով անհավատալի, արարքները: Այս անգամ եվրոպացիներին ցնցել է Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչը, ով իր բնակարանի պատշգամից եռման ջուր է ներքեւ լցրել:
YouTube-ում տեղադրված տեսանյութում երիտասարդը ֆիզիկական փորձարկում է անում, տեսնելու համար, թե ինչպես է ջուրը գոլորշիանում 41 աստիճան ցրտի պայմաններում: Երիտասարդը թասով ջուրը ցած է լցնում 7-րդ հարկի բալկոնից: Ջուրն այդպես էլ գետնին չի հասնում՝ օդում գոլորշիանալով եւ վերածվելով հաստ մշուշե ամպի, որը քշում է քամին:
Տեսանյութի մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը, կոչ անելով իր ընթերցողներին չկրկնել այդ վտանգավոր փորձն իրենց տանը, որտեղ կարող է եղանակն այդքան ցուրտ չլինել, ինչպես Ռուսաստանում: Նշվում է, որ նովոսիբիրսկցին, հնարավոր է, վնասեր անցորդներին, սակայն ֆիզիկայի օրենքները փրկել են նրան նման հեռանկարից:
Տեսանյութը 1000 դիտում եւ տասնյակ հիացական մեկնաբանություններ է ունեցել: Ֆորումներում բուռն քննարկում են տեսանյութը: Օրինակ մեկը գրում է, որ տեսանյութի 53-րդ վայրկյանին ճանճ է նկատվում բալկոնում, որտեղ 41 աստիճան ցուրտ է, ինչին արձագանքել են, որ դա ռուսական ճանճ է եւ նրա «տանձին էլ չի» 41 աստիճան ցուրտը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ողջ տարածքում նախորդ շաբաթվանից ուժեղ ցրտեր են սկսվել՝ - 17-18 աստիճանից (Մոսվկայում) մինչեւ – 50 աստիճան (Սիբիրում):











