ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ կապված եւ նույնիսկ ներողություն խնդրել Մհեր Արշակյանից՝ իր կուսակից գործընկերոջ արարքի համար:

«Ափսոսում եմ միջադեպի կապակցությամբ, որպես ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ ներողություն եմ հայտնում Մհեր Արշակյանին եւ լրագրողական հանրությանը: Հուսով  եմ, որ նման երեւույթներ այլեւս չեն կրկնվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Շարմազանովից բացի, լրագրողից ներողություն է խնդրել նաեւ ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը, ով Facebook-ի իր էջում գրել է. «Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով եւ ներողություն խնդրել: Ես նույնպես ցավում եմ կատարվածի կապակցությամբ եւ միացնում եմ իմ ներողությունները»:

Իսկ ահա միջադեպի հերոսը՝ Մհեր Սեդրակյանը ոչ միայն չի պատրաստվում ներողություն խնդրել, այլեւ հայտարարել է, որ դեռ լրագրողը պետք է իրենից ներողություն խնդրի, քանի որ խանգարել է իրեն: «Էդ կարգի լրագրողին ամեն ինչ հասնում ա ասել և անել»,-1in.am-ին տված հարցազրույցում է ասել է Սեդրակյանը:

Այս միջադեպի առնչությամբ, մի խումբ լրագրողներ Facebook-ում խումբ են ստեղծել եւ նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը կարգի հրավիր լրագրողների հանդեպ '«ոչ հարգալից արտահայտություններ» թույլ տվող պատգամավորներին` մասնավորապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) եւ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):

«Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»,-ասված է նամակում:

Բացի այդ, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները որոշել են այս միջադեպի կապակցությամբ դիմել նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով: