Օրերս տեղի է ունեցել առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ օրակարգի հարցերին անցնելը ոստիկանության պետն անդրադարձել է մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործառույթների իրականացման վրա:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին՝ Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է, որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, եւ օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է օրախնդիր մի շարք այլ հարցերի եւս ու կոնկրետ հանձնարարականներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին: