«Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը չի տեսնում այն թեկնածուին, ում հնարավոր է սատարի, միգուցե` էպոսագետին: Կես կատակ, կես լուրջ այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, «Հանրապետություն» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Եթե ռեալ գաղափարների շուրջ միավորվեն եւ փորձեն օգտագործել ընտրական պրոցեսը, այդ ժամանակ միգուցե մտածեմ սատարելու եւ ակտիվ մասնակցության մասին, իսկ մնացածը կարծում եմ` ոչ մեկ չպետք է դնի, նույնիսկ դահլիճում ներկա գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը: Ազատ դեմոկրատներն էլ թող դնեն, ոչ ազատներն էլ, կիասկախյալ դեմոկրատներն էլ, ի՞նչ է տալու դա, ոչ մի բան, իրենց կենսագրության մեջ մի տողով գրելու են, որ իրենք նախագահի թեկնածու են եղել, հաղթելու շանսերը նրանց ո՞րն է, նրանք հեղափոխության տանող տղանե՞ր են, գործիչնե՞ր են դրանք, եթե տանող են, գնանք, հարց չկա, բայց ես չեմ տեսնում այդպիսի մարդկանց այս շարքերում»,- ասաց Սմբատ Այվազյանը:

Նա հեղափոխություն տանող տղաների տեսնում է, բայց անուններ չի հրապարակում` շեշտելով, որ երբ հարմար լինի, այդ տղաները իրենք կասեն:

Նրա խոսքով` այսօր մեր տան ամեն ինչ վատ է, շատ վատ եւ գնալով ավելի է վատանում, ու ժողովրդին շեղել գաղափարական ուղղությամբ, ոչնչի չենք հասնի, հաղթանակ կլինի միայն, եթե ժողովրդի եւ ընդդիմության միջեւ բուֆերները վերանան, իսկ իշխանությունները գնում են կոտրվելու ճանապարհով: Հարցին, թե ԲՀԿ-ի չառաջադրվելը ում է ձեռնտու, նա ասաց. «Դա իշխանության պրոյեկտ էր, բայց եկավ մի պահ, երբ իշխանությունները վախեցան այդ պրոյեկտը մինչեւ վերջ իրականացնելուց: ԲՀԿ-ի նախագահը եթե առաջադրվի, ապա ժողովուրդը, չսիրելով այս իշխանություններին, կգնա եւ ձայն կտա նրան, իշխանությունները վախեցան»,- ասաց նա: 

Սմբատ Այվազյանը շեշտեց, որ իշխանությունների հանցավոր բնույթը հնարավորություն չի տալիս, որ ընդդիմությունը մասնակցի ընտրությանը: Իշխանությունները անարդարությունները կազմակերպում են իրենց մեխանիզմների միջոցով եւ նոր տեխնոլոգիաների միջոցով: «Ընտրական պրոցեսը ընդդիմությունը պետք է օգտագործի իշխանությունը վերցնելու համար` իշխանությանն իր աթոռից հեռացնելու և շպրտելու համար: սա է դարձել ընտրական պրոցեսի իմաստը Հայաստանում, այլ պրոցես դեռեւս գոյություն չունի: Իմ տեսակետը այն է, որ ընտրության միջոցով այս երկրում հնարավոր չէ որեւէ բան փոխել»,- նշեց նա:

Սմբատ Այվազյանը նաեւ նշեց, որ լինելով «Հանրապետություն» կուսակցության անդամ, չի մասնակցում կուսակցության աշխատանքներին, սառեցրել է իր անդամակցությունը կուսակցության աշխատանքներին: Նա «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանի` նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշման մասին խոսելիս ասաց` «ստեղծված իրավիճակում միգուցե ճիշտ էր այդ որոշումը»