Այս ընտրությունները համարում ենք գործող ռեժիմի վերջին ընտրություններ, ինքներս էլ նպատակահարմար չենք գտնում մասնակցելու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ասաց այդ կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:
«Լրացնել պարտվողների մի ամբողջ շարք,դա իմը չէ,ես հաղթող եմ, ժամանակը կգա, կհաղթեմ»,- ասաց նա: Նրա խոսքով` այսօրվա քաղաքական դաշտում չկա որեւէ ուժ, որը հաղթել է ընտրություններում` նկատի ունի նաեւ Սերժ Սարգսյանին: «Այս երկրում ընտրություն տեղի չի ունենում: հավաքում ես ժողովրդին հրապարակում եւ հավաքած կրիտիկական մասսան ունենալով` ճնշում ես գործադրում իշխպաբության վրա, հակառակ դեպքում` այս իշխանությունները իրենց կուտակածը ոչ մի գնով թողնողը չեն»,- նշեց Արամ սարգսյանը: Նա նշեց, որ այս երկրում ընտրությունները փողով են, իսկ փող ունի Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, հարցը հետեւյալն` ով նրանցիցի կհաղթի, եւ երբ Գագիկ Ծառուկյանը հարցը հանեց, խնդիրը եղավ` ՀԱԿ-ը կհաղթի, թե ոչ, բայց այսօր այդ հաղթանակի մասին ՀԱԿ-ում էլ չեն խոսում:
Նա նշեց, որ այլեւս ոչ գաղափարական դաշինքներ չեն կազմելու, միայն ընդդիմադիր լինելը բավարար չէ: «Մենք մինչեւ այսօր գործել ենք այդ սկզբունքով, որ միայն ընդդիմադիր է, իշխանություն փոխենք, այսուհետ այդպես չեն գործելու, դա մեր սխալն է»,- ասաց նա:
Հարցին,թե ավելի վաղ ասել էիք, որ եթե տեսնեք, որ ժողովուրդը ասի` «դուք իմ թեկնածուն եք», կառաջադրվեք, ինչ պատահեց, նա նշեց, որ «այո, չեղավ նման բան»: Արամ Սարգսյանը եղել է հանրապետության մի շարք մարզերում, սկսել Մեղրիից եւ ավարտել Նոյեմբերյանով, եւ չի տեսել նախկին ոգեւորությունը:
«Սխալվում էի` մտածելով,թե նախագահական ընտրությունների շեմին քաղաքական կյանքը կակտիվանա եւ հասարակությանը հնարավոր է ի մի բերել, հասարակությունը անտարբեր է դարձել, բայց դրա մեղավորը մենք ենք: Հասարակության համար միշտ այդպես է եղել` իշխանությունը լավ չէ, ինքը մերը չէ, միշտ խաբում է, իր փող աշխատելու համար պատրաստ է ամեն ինչի, այ ընդդիմության տղերքը լավն են, մերն են, իրենց թեկուզ մենակ չթողնելու համար արժե իրենց կողքին լինել: Հիմի հասարակությանը մեզ էլ է կասկածում, որովհետեւ հասարակությանը թողած` ինչ-որ ստվերային բանակցությունների ու պայմանավորվածությունների են գնում,ես երբեք չեմ գնացել, երբեք չի եղել»,- ասաց նա` շեշտելով, որ այս երկրի համար մեկ դժբախտությունը ժողովրդից թաքուն գործելն է, այդ կեղծ բերանփակությունը, կեղծ գաղտնապահությունը:
Արամ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչ անել, որ ազատական ուժերը համախմբվեն, անկախ նրանից այդ գաղափարախոսությունը ընկալում կունենա, թե ոչ, քանի որ դա է այս երկիրը այս վիճակից հանելու միակ ուղին ու ճանապարհը:
Նա հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հետ կապ չունեցող բոլոր անձանց համարում է իր պոտենցիալ դաշնակիցը, ընկերը եւ բարեկամը:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը ասաց, որ ընտրությունները ի սկզբանե բաժանել էին երկու մասին: «Մի մասը պետք է ասեր, որ ինքը համաձայն է ՀԱԿ-ի մարտավարության հետ, գտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» անունով կուսակցության համագործակցությամբ եւ օժանդակությամբ է միայն հնարավոր հասնել երկրում իշխանափոխության, եւ միակ ճանապարհը դա է, եւ ով դրա հետ համաձայն չէ, ուրեմն ինքը Սերժ Սարգսյանի դրածոն է, ֆինանսավորվում է նրանից»,- ասաց նա: Այդպիսի տեղեկություններ տարածվում էր նաեւ իր մասին, «դա քաղաքական հորինված բանաձեւ է, պլակատ է, որը կախում են ցանկացած մեկի վզից, ով ասում է, որ ձեր հետ համաձայն չէ»: Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը առայսօր գումարներ վերցնում է իմ հորից, ինքն է ֆինանսավորում մարդկանց:
«Կամ պետք է Կոնգրեսի հետ գնաս, որ կարողանաս իշխանությանը հաղթել, կամ եթե իր հետ չես, ուրեմն` իշխանության հետ ես: Ես դեմ եմ թե այդ մոտեցմանը, թե Սերժ Սարգսյանի,թե Ռոբերտ Քոչարյանին, թե «Բարգավաճ Հայաստանին», այն ուժերին, ովքեր այսօրվա համար պատասխանատու են»,- ասաց նա:











