Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, վայրէջքի ժամանակ «Տու-204» ուղեւորատար օդանավը դուրս է թռել թռիչքուղուց: Վերջին տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, հաղորդում է newsru.com-ը:

Red Wings Airlines ավիաընկերությանը պատկանող «Տու-204» օդանավը չարթերային թռիչք էր իրականացնում Չեխիայից: Դեռեւս չպարզված հանգամանքներում, վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց դեպի Կիեւյան մայրուղի, բաժանվել երեք մասի եւ այրվել: Հրշեջները կես ժամվա ընթացքում կարողացել են հանգցնել կրակը:

Օդանավում եղել է 8 մարդ, բոլորն էլ անձնակազմի անդամներ, ուղեւորներ չեն եղել: Ռուսաստանի ՆԳՆ վերջին տվյալներով՝ 4 մարդ զոհվել է, եւս երկուսը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ավիավթարի պատճառները պարզելու նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծել:

«Վնուկովո» օդանավակայանն արդեն վերսկսել է նորմալ աշխատանքը: