Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է հինգերորդ սերնդի թեթեւ ռմբակոծիչի փորձարկման պատրաստակամության մասին, որը, ինչպես սպասվում է, թագավորական ռազմաօդային ուժերը կբարձրացնի սկզբունքային նոր մակարդակի:

Բրիտանիայի ռազմաօդային ուժերը BAE Systems-ի արտադրության Taranis ռմբակոծիչի փորձարկումը նշանակել են 2013թ. գարնանը: Դրանք տեղի կունենան Ավստրալիայում, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Telegraph-ին:

Taranis-ը հինգերորդ սերնդի նորագույն անօդաչու թռչող սարք-ռմբակոծիչ է` նախատեսված միջմայրցամաքային թռիչքների համար: Այն այդպես է անվանվել կելտերի ամպրոպի աստված Տարանիսի պատվին, եւ այն կարելի է բառացիորեն թարգմանել «Շանթարձակ»: Կշիռը երեք տոննայից մի փոքր է պակաս, երկարությունը` 11մ, թեւերի բացվածքը` 10 մ, առավելագույն արագությունը` գերձայնային, հստակ սահմանները եւ առավելագույն օպերացիոն բարձրությունը նշված չեն:  Արժեքն է 125 միլիոն ֆունտ:

Taranis-ի առանձնահատկությունն այն է, որ  ի տարբերություն ներկայումս օգտագործվող այլ անօդաչու թռչող սարքերի, այն օպերատորի  մշտական հսկողություն չի պահանջում: 

Հասարակությանը  Taranis-ի նախատիպը ներկայացվել էր  դեռեւս 2010թ.: Նրա փորձարկումները, ըստ  BAE Systems-ի, տեղի էին ունեցել հենց 2010թ.: Իսկ ահա  թռիչքային փորձարկումները չէին կայացել. առաջին թռիչքը նշանակվել էր 2011թ., այնուհետեւ տեղափոխվել 2012թ., սակայն կրկին տեղի չէր ունեցել «տեխնիկական պատճառներով», հայտնել է  Global Research-ը: