Մայրաքաղաքում երթեւեկության խախտումները շարունակում են ֆիքսել նաեւ վարորդ- ընթերցողների մեքենաների տեսախցիկները։ NEWS.am-ի խմբագրությանը ընթերցողը տեսանյութեր է տրամադրել, որոնցում արձանագրված են Ճանապարային ոստիկանների կատարած խախտումներն ու «գոլդ համարանիշներով» մեքենաների խախտումները։

Պուշկինի փողոցի վրա Նալբանդյանից դեպի Աբովյան ուղղությամբ առանց փարոսիկների հանդիպակած ուղղությամբ կարգ է խախտում 1354 կողային համարով պետավտոտեսչության մեքենան:

Հատկանշական է, որ խախտումը նկատում է պատահական մի կին անցորդ։ «Էդ նկարում եք, որ թարսա մտել, լավ եք անում հասնում ա իրանց»,- ասում է նա։

Մեկ այլ դրվագում 1104 կողային համարով ՃՈ մեքենան հատում է հոծ գիծը՝ սառած ճանապարհին վթարավտանգ իրավիճակ ստեղծելով։

Նշենք, որ Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով տուգանվում է 20000 դրամով, այսինքն՝ պետավտոտեսուչները սովորական «մահկանացու» վարորդներին նման դեպքում կտուգանեին հենց այսքան՝ չհաշված վթարային իրավիճակ ստեղծելը։

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակած երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակած երթեւեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը՝ տուգանվում է 30000 դրամով։

«Գոլդ» համարանիշներով մեքենաների տեսանյութում երեւում է, թե Կիեւյան Օրբելի խաչմերուկի աջ սեկցիան խախտելով, ինչպես է անցնում 777 ՈՍ 07 համարանիշով «Toyota Corolla» մակնիշի մեքենան։

Մյուս խախտումը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկում կատարում է 99 OP 999 համարանիշով «Lexus» մակնիշի մեքենան` փակելով միայն դեպի Մոսկովյան տանող ձախ սեկցիան, հատում խաչմերուկի նշագիծը, անցնում է ուղիղ դեպի Մաշտոցի պողոտա՝ հատելով եւս մի քանի գծանիշեր:

Ընթերցողը տեղեկացնում է, որ նշված խաչմերուկներում տեղադրված են տեսախցիկներ, որոնք պետք է ֆիքսած լինեն խախտումները։