Միայն վագոն-տնակ կոչվող կացարաններում երբեւէ բնակվածները կարող են ամբողջովին պատկերացնել, թե իրականում ինչպիսի պայմաններում են ապրում կամ, որ առավել տեղին է այս պարագայում օգտագործել, գոյատեւում հազարավոր գյումրեցի ընտանիքներ: Ամենօրյա շփումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ խոնավ ու կոմունալ բոլոր պայմաններից զուրկ տնակներում բնակվողներից իրենց առավել ճնշված են զգում դպրոցահասակ երեխաները: Երեւի հարկ չկա մանրամասնելու, թե ինչու հատկապես նրանք:
Ամեն անգամ, երբ մենք տնակային ավաններ մեր այցելությունների ժամանակ հանդիպում ենք նեղլիկ եւ ցուրտ տնակներում սավաններով փաթաթված ու տնակի մի անկյունում դասերը սերտող կամ գիրք կարդացաող երեխաների, մի կողմից ուրախանում, մյուս կողմից էլ անկախ մեզանիզ զարմանում ենք, որ անգամ նման պայմանները երեխաներին չեն կոտրում:
«Շիրակ-Կենտրոնի» տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կոմունալ հարմարություններից եւ անգամ ջրից զուրկ, վաղուց շարքից դուրս եկած տնակում իր 15-ամյա աղջնակի` Անահիտի հետ բնակվող Լուսինե Պետրոսյանի ընտանիքի մասին է:











