Ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցը, որտեղ գտնվում է սպանված «օրենքով գող» «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) մարմինը, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

LifeNews-ի աղբյուրների համաձայն՝ Ուսոյանի մարմինը կհսկեն մինչեւ թաղումը, դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով եւ հնարավոր սադրանքները բացառելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը սպանվել է այսօր՝ հունվարի 16-ի ցերեկը, Մոսկվայի ռեստորաններից մեկից դուրս գալու պահին: Ենթադրվում է, որ դիպուկահար հրացանով մարդասպանը գտնվել է դիմացի մայթին գտնվող Կինոդերասանի թատրոնի շենքի տանիքին:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ուսոյանին գնդակահարել են անձայն «Վալ» ինքնաձիգից: Բացի այդ, ըստ գերատեսչության տվյալների, քիլերը կրակել է ոչ թե տանիքից, այլ շենքի 5-6-րդ հարկերի շքամուտքի պատուհանից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 6 պարկուճ: Սպանության ժամանակ վիրավորվել է պատահական մի անցորդ կին: Նա հրազենային վնասվածք է ստացել ազդրին եւ կրծքին եւ տեղափոխվել հիվանդանոց: