ՀՀԿ-ն, այսօր՝ հունվարի 17-ին, անցկացրել է Գործադիր մարմնի վերջին նիստը, քանի որ հունվարի 21-ից մեկնարկում է  նախընտրական քարոզարշավը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, գործադիր մարմնի վերջին նիստին ներկա էին նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբերի ղեկավարների մեծ մասը: Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, որ քննարկվել են կազմակերպչական հարցեր եւ հերթական անգամ կարեւորել ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացումը:

«Մենք այս ընտրությունների քարոզարշավը պետք է իրականացնենք «հանուն» գաղափարախոսության, ինչպես միշտ, քանի որ ՀՀԿ-ն երբեք «ընդդեմ» գաղափարախոսության չի առաջնորդվել: Հանուն ապահով Հայաստանի, ժողովրդի, ընտանիքների, տնտեսության, բանակի»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է քարոզարշավի երթուղիներին, նա ասաց, որ քարոզարշավը առաջինը կմեկնարկի Երեւանի Ավան համայնքից: «Դրանից հետո մենք կուղեւորվենք Հայաստանի Հարավային դարպաս` Սյունյաց մարզ եւ Վայոց ձոր: Քարոզարշավի կիզակետում կլինի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, բացի այդ, կլինեն քարոզչական խմբեր, որոնք առանց բացառության կլինեն ՀՀ բոլոր փոքր եւ միջին համայնքներում: Այդ խմբերն արդեն ձեւավորվել են»,- ավելացրեց Շարմազանովը: Նրա խոսքով, նախընտրական ծրագիրն ամբողջացված է, սակայն օրենքով սահմանված կարգով իրավունք չունի դա ցուցադրել, որպեսզի որեւէ դիտորդական առաքելություն կամ, որեւէ մեկը ՀՀԿ-ին չմեղադրի ժամանակից շուտ քարոզարշավ իրականացնելու համար: ՀՀԿ գործադիր մարմնի նիստերին կփոխարինեն շտաբի նիստերը: