Ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի` մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է սկսվել, իսկ հունվարի 29-ին ժամը 13-ին ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ դիմումը Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով: Այս մասին իր վիդեոբլոգում պատմել է Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը: նա նշել է, որ  իր որդու դեմ շինծու մեղադրանքներ են ներկայացվել եւ պահանջում է արդարադատություն՝ հունվարի 31-ին կայանալիք վերաքննիչ դատական նիստում հենց նիստերի դահլիճից ազատել որդուն: Ստորագրահավաք է սկսվել նաեւ Facebook-ում:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակեց տուգանք աշխատավարձի 300-ապատիկի չափով: