Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի որոշ թեկնածուների կողմից մրցակիցներին սեւացնելու փորձը բացասական երեւույթ է, որը, ցավոք, նորություն չէ: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանում գտնվելու 23 տարիների ընթացքում սա ինձ սեւացնելու առաջին փորձը չէ, սակայն ոչ ոք չի ստիպի, որ ես հիասթափվեմ իմ երկրից ու ժողովրդից», - վստահեցրել է նա:
Ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի միանալուն, եւ կարող է արդյոք դա հանգեցնել նախագահի մի քանի թեկնածուների համատեղ հացադուլի, Հովհաննիսյանը նշել է. «Թեկնածուներից յուրաքանչյուրն անձամբ է որոշում ՝ ինչպես անցկացնել նախընտրական քարոզարշավը: Թեկնածուներից մեկն անձամբ է որոշում կայացնում, մյուսը պատվեր է կատարում, երրորդը զազրախոսում է մրցակիցների հասցեին, հաջորդը հացադուլ է հայտարարում: Ինձ համար այդ ամենը խորթ են: Ես բոլորովին այլ մոտեցում ունեմ: Իմ հասցեին ցավ պատճառող բազմաթիվ խոսքեր են ասվել, սակայն ես երբեք չեմ պատասխանել դրանց: Ես հարգում եմ նախագահի յուրաքանչյուր թեկնածուի»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am











