Բրոնխիալ ասթմայից տառապող 5-ամյա Մալենա Ռեւազյանն այսօր՝ հունվարի 25-ին, բուժման համար դրամական օգնություն է ստացել Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքից։

Մանչեսթերի բնակչուհի Ժյուսթին Լիլիան Նորդֆիլդը ասթմայով հիվանդ Մալենայի մասին կարդացել է NEWS.am-ի հոդվածում, որը կարիքավոր ընտանիքում ապրող ասթմայով հիվանդ փոքրիկի մասին էր, ինչից հետո կապ էր հաստատել խմբագրության հետ։ 45-ամյա անգլուհին հանձն է առել ամեն ամիս գումար տրամադրել երեխայի բուժման համար։

Այսօր Ռեւազյանների ընտանիքն ստացել է գումարի առաջին մասը։      

Նշենք, որ Ժյուսթին Լիլիան Նորդֆիլդը եւ նրա ամուսինը, ով մասնագիտությամբ բժիշկ է, Հայաստանում մտերիմներ ունեն։ Ժյուսթինը երբեմն Հայաստան է այցելում, տեսակցելու Գյումրիում ապրող իր ընկերներին, որոնց երեխաները իր սանիկներն։

«Հայաստանում ես հանդիպել եմ շատ ջերմ եւ բարեհամբույր մարդկանց։ Մարդկանց օգնելը, պարզապես այս կյանքում փոխհատուցման միջոց է։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այս փոքրիկին օգնել։ Խնդրում եմ, չդիտարկել սա որպես բարեգործություն։ Սա բարեգործություն չէ, այլ իմ կարծիքով, մարդկայնության դրսեւորում»,- գրել է Ժյուսթինը իր նամակում։