Գյումրիի կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի եւ քաղաքային ոստիկանության հարեւանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռեւս կիսով չափ բնակեցված են մնում:
Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետեւանքով անօթեւաններ եւ այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանցից շատերը սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում են, իսկ այդ կիսախարխուլ շենքերում բացակայում են կոմունալ-կենցաղային ամենատարրական պայմանները եւ անգամ կեսկատակ-կեսլուրջ կարելի է ասել, որ այդ նախկին հանրակացարաններ կոչվածների հետ համեմատած՝ Գյումրիի տնակները շքեղ առանձնատներ են թվում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված գումարով գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրիի Նժդեհի 22 հանարակացարանում պատսպարված, 4 անչափահաս երեխաներ խնամող Սրապյանների ընտանիքին:











