«Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտման առաջին օրն ընդհանրապես քնած մարդ չկար, երկրորդ օրը հնարավոր է, որ հանդիսատեսներից մեկը քնի ինչ-ինչ պատճառներով՝ գիշերը չի քնել, աշխատել է եւ այլն: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան, «Գարեգին Նժդեհ» ֆիլմում համանուն հերոսի դերակատար Արտաշես Ալեքսանյանն՝ անդրադառնալով ֆիլմի տեւողությանը եւ շեշտելով, որ երկուսուկես ժամը նորմալ է, «այլապես հանդիսատեսը դուրս կգար»:
Նրա ներկայացմամբ` Գարեգին Նժդեհ ֆիլմում խաղալու առաջարկն ընդունելով մեծ ռիսկի է գնացել, ինքն իրեն հարց է տվել՝ կկարողանա՞, թե` ոչ: «Երկար մտածելուց հետո ասի՝ մահը մերն է, մենք՝ մահինը, մարդու գործն է միշտ անմահ»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Նժդեհի դերակատարը՝ հավելելով, որ ինքը դերասան չէ, արտիստ է, ով աշխատում է կերպարը վերապրել եւ մատուցել:
Դերասանը շեշտեց, որ մեծ պատասխանատվություն էր ներկայացնել ազգի հերոս նման զորավարի եւ սպարապետի: Միեւնույն ժամանակ, Արտաշես Ալեքսանյանը խոստովանեց, որ դժվար էր սեղմված ժամանակահատվածի մեջ ամբողջը տեղավորել: «Կան բացթողումներ, չասված խոսքեր»,- նշեց նա:
Ալեքսանյանը կարեւորեց նման ֆիլմերի ստեղծումը, ցանկանալով, որ շատ պատմական ֆիլմեր ստեղծվեն, որպեսզի սերունդները ճանաչեն պատմական հերոսներին:











