Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը քիչ առաջ այցելել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու, մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում վիրահատված Պարույր Հայրիկյանին:
Տեսակցությունից հետո նա լրագրողների հետ զրույցում ասել է, թե մեր պետականության համար սս ոչ միայն ցավալի փաստ է, այլեւ վտանգ է ներկայացնում: «Եթե մենք չկարողացանք շատ արագ բացահայտել ու համարժեք գնահատական տալ, նշանակում է մեր երկրի զարգացման վեկտորի վրա իր ազդեցությունը կունենա»,- նշեց նա:
Գագիկ Հարությունյանը տեղի ունեցածը գնահատում է որպես ահաբեկչական ակտ՝ նշելով, որ այն զուտ պարզ մարդասպանության փորձ չէ: «Բայց նաեւ ստեղծված իրավիճակում պետք է արժանվույն գնահատել եւ իրավաբանական լուծումներ գտնել հետագա գործընթացների համար»,- ասաց նա:
Գագիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ մեր Սահմանադրությունն ու օրենքները նախատեսել են բոլոր հնարավոր լուծումները, իսկ այդ լուծումների շրջանակներում հնարավոր կլինի գտնել խելամիտ մոտեցում: «Բոլորդ բազմիցս արձագանքել եք, Սահմանադրությամբ նախատեսված է, որ նման իրավիճակում միայն թեկնածուի դիմումի հիման վրա է Սահմանադրական դատարանը հարցը քննում: Դիմումն ստանալուց հետո քսանչորսժամվա ընթացքում ՍԴ-ն պետք է որոշի գործի քննությունը քննարկման հարց է, թե բանավոր ընթացակարգով քննի ու որոշում ընդունի՝ խոչընդոտն անհաղթահարելի է, թե` ոչ»,- ասաց ՍԴ ղեկավարը՝ հավելելով, որ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դիմումը, ինչպես կքննվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:











