Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «պետական» համարներով մեքենան կրկնակի խախտում է կատարել Ճանապարհային ոստիկանների աչքի առաջ, բայց վերջիններս չեն փորձել կանգնեցնել եւ համապատասխան վարչական տույժի ենթարկել կարգազանցին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է ընթերցողը, ով նկարահանել է խախտումը եւ տեսանյութը տրամադրել խմբագրությանը։
Ըստ նրա՝ փետրվարի 1-ին, ժամը 15:35-ին Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ մշտապես հերթապահում է պետավտոտեսչության մեքենան, LADA 2110 մակնիշի 085 OO 01 պետհամարանիշով պետական ծառայության մեքենան Դեմիրճյանի առաջին շարքից, որից թույլատրվում է երթեւեկել միայն աջ, կարմիր լույսի տակով հատել է հետիոտնի գոտին, ապա կրկին կարմիր լույսի ներքո, անցել ձախ ու կիսով չափ հատել խաչմերուկը։
Ընթերցողը պնդում է, որ ՃՈ աշխատակիցները նկատել են, սակայն չեն արձագանքել կոպիտ խախտմանը։











