ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան է մուտքագրել իր՝ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմումը: Այս մասին ՍԴ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ դիմումի բովանդակությունը հետեւյալն է, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա նա դիմումը ետ կվերցնի եւ ընտրությունը կկայանան փետրվարի 18-ին: «Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով: Դրան զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը, հակառակ՝ դեպքում ես պարտավոր եմ փորձել ամբողջական քարոզարշավ իրականացնել երկու շաբաթվա ընթացքում՝ նաեւ մյուս թեկնածուների մասնակցությամբ»,- ասել է Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ դիմուը մուտքագրել են, ստացել՝ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Իմ ժամանակը ավելի սահմանափակ է, քան կարծում էի: Ես կարծում էի, թե գոնե երկու օր ունեմ, բայց կա մեկ օր: Ինձ համար կարեւորն այն է, որ որեւէ ստահակ ի վիճակի չլինի մեր երկրի ժողովրդավարական գործընթացները շեղել բնականոն հունից»,- ասաց նախագահի թեկնածուն:
Հայրիկյանի խոսքով՝ ինքը մտաոգված էր, որ հանկարծ ժողովրդավարությունն ու ահաբեկչությունը չհամատեղվեն եւ այսօր դիմում տալու հիմնական պատճառը դա էր: «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ մեր հայրենիքում թագավորի սերը»,- ասաց նա:
Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանը դիմումը կքննի չորս օրվա ընթացքում: ԱԻՄ նախագահը, դիմումը կարող է հետ վերցնել ե՛ւ մինչեւ դատաքննությունը, եւ դատաքննության ընթացքում: «Դիմումը մուտք անելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում մինչեւ դատաքննությունը, կարող է նոր դիմում ներկայացնել եւ հետ վերցնել դիմումը, երկրորդ տարբերակը՝ չորս օրվա ընթացքում՝ դատաքննության ժամանակ, կարող է հետ վերցնել»,- պարզաբանեց փաստաբանը:
Պարույր Հայրիկյանը ՍԴ-ից վերադարձավ հիվանդանոց:
Առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթացկի հետ զրույցում ասել էր, թե վաղը կքանդեն Հայրիկյանի ստացած հրազենային վնասվածքի կարերը եւ կորոշեն, թե երբ նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից:











