Հիմնական սկզբունքը այն է, որ բոլոր թեկնածուները պետք է հենց սկզբից ջենթլմենաբար տրամադրված պայմանավորվեն, որ իրենք ունեն այնքան ուժ եւ կարող են իրենց պրիմիտիվ ամբիցիաները մի կողմ դնել եւ հանեն իրենց թեկնածությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին ՍԴ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հարցին, թե Հրանտ Բագրատյանը ասել է, որ եթե ջենթլմեն գտնվեք եւ առաջինը դուք հանեք ձեր թեկնածությունը, միասնական թիմ կձեւավորվի, նա պատասխանեց հետեւյալը. «Պարոն Բագրատյանը կարող է որոշ բաներ սովորել այն ամենից, ինչ մենք իմացել ենք անցյալում եւ կիրառել ենք, երբ ինքը վարչապետ էր նշանակված, ես, Վազգեն Մանուկյանը եւ մյուսները պայմանավորվեցինք, որ խոսակցությունները սկսվում են նրանից, որ սկզբից բոլորս պետք է հայտարարենք, որ միասնական թիմ կարող է ձեւավորվել, եթե բոլորս ասում ենք, որ պատրաստ ենք հանել մեր թեկնածությունը, դա հիմնական սկզբունքն է միանսկան թիմ ձեւավորելուց առաջ, բայց դրանից ամենակարեւորն այն է, որ գլխավոր արժեքները մեր կողմից ամրագրվեն»:

Հայրիկյանը շեշտեց, որ 1996թ. ինքը  հիմնական թեկնածուն էր, բայց միասնական թեկնածուն չդարձավ,  իսկ 1973թ. կյանքը հանեց աշխարհից, որ ապրենք անկախ Հայաստանում: «Ես դա մի անգամ արել եմ, ինձ այդպիսի առաջարկ կարող է անել նա, ով նույնպես իր կյանքում մի անգամ դա արել է, սիրում եմ բոլորին էլ, բայց թող իմանան Հայրիկյանի արածը իրենք մի անգամ արե՞լ են, որ Հայրիկյանին առաջարկում են մի հատ էլ հանել, էս էլ Կոկա Կոլա չի էլի, որ մի հատ էլ փորձես»,- ասաց նա:

Նշենք, որ եթե միասնական թկենածու լինի, ապա Հայրիկյանը պատրաստ է հետ վերցնել իր դիմումը եւ չհետաձգել նախագահական ընտրությունները:

Ենթադրվում է, որ այդ դեպքում թեկնածուները կգան բանավոր պայմանավորվածության եւ միասին կաշխատեն մեկի օգտին: Հայրիկյանը ակնկալում է միասնական թիմ ձեւավորել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ: