Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Բ-ի օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել  է ՀՀ ոստիկանության հոգեւոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ Գարեգին Բ-ի այդ ձեռնարկը ամենայն աջակցություն եւ օժանդակություն կստանա ոստիկանական ողջ համակարգի կողմից:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները եւ հակահասարակական այլեւայլ դրսեւորումները բացառելու համար:

Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին հրահանգել է շարունակել անձնակազմերի հետ տարվող աշխատանքը, շտկել ի հայտ բերված թերացումները, հասնել պատրաստականության այնպիսի աստիճանի, երբ յուրաքանչյուր ոստիկան անձնական պատասխանատվություն կդրսեւորի գործառույթների իրականացման համար:

Քննարկվել են ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները ընտրությունների նախապատրաստման փուլում, արվել դիտողություններ եւ առաջարկություններ:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: