Երեւանի Ավան վարչական շրջանում` Ծարավ Աղբյուրի փողոցում այսօր` փետրվարի 13-ին հիմնարկեքի արարողություն է կատարվել: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպությունը եւս 490 բնակարան է կառուցում երիտասարդ մասնագետների համար:

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Արսեն Քարամյանի խոսքով, եւս 490 ընտանիք 2015 թվականին նորամուտ կտոնի:

Միայն Երեւան քաղաքում միավորումը կառուցել եւ կառուցում է ընդհանուր թվով 1513 բնակարան:

Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նախ ներկայացրեց «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին, եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շինարարության բուռն ընթացքը: Ծրագրի շրջանակներում կառուցվում է 5 շենք` 338 բնակարաններով, որոնք շահագործման կհանձնվեն մինչեւ 2013թ. վերջը:

«Կատարված է ընդհանուր աշխատանքների մոտ 60 տոկոսը: Հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ համալիրը կհանձնվի շահագործման: Կողքին այսօր եկեղեցական փոքրիկ ծես ենք ունեցել: Երիտասարդ մասնագետների համար այժմ կառուցվում է 490 բնակարաններով 7 շենքանի համալիր, որի աշխատանքները մեկնարկել են, տեւելու են շուրջ 28 ամիս»,- նշեց Քարամյանը եւ հավելեց. «Եթե ամփոփելու լինենք, միայն Երեւան քաղաքում համալիր աննախադեպ մասշտաբների հասնող շինարարության արդյունքում 1513 ընտանիքներ կապահովվեն ժամանակակից, հարմարավետ բնակարաններով: Ընդհանուր առմամբ կառուցապատվում է  211 հազար 500 քառ/մետր ծավալ: Ծրագիրը մեկնարկել է 2007թ. կեսերից: Կարծում եմ` վերջին հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է մի կողմից թեթեւացնել երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը, մյուս կողմից երիտասարդ մարդկանց համար կարողացել ենք պայմաններ ապահովել ստեղծագործ աշխատանքի համար»:

Արսեն Քարամյանի խոսքով, «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին, եւ սպորտսմեններին» ծրագրի նախագծային արժեքը 5,7 մլրդ դրամ էր, իսկ նոր համալիրի արժեքը` 10,5 միլիարդ է: