Իմ ճակատագրում այս տարի ոչ ձերբակալություններ, ոչ սպանություններ` ոչ հրազենով, ոչ սառը զենքով, չեն լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, «Մեդիակենտրոնի» հյուրասրահում ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Իրեն ֆատալիստ (ճակատագրապաշտ) համարող թեկնածուն նույնիսկ գիտի, թե քանի տարի է ապրելու եւ վստահորեն հայտարարում է, որ սա իր կյանքի վերջին տարին չէ: Նա տեսնում է իրեն ձերբակալելու ծրագիր, բայց կարծում է, որ ձերբակալությունը չի լինի:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կալանավորված անձանց հետ իր ունեցած կապին, նա նշեց, որ այդ ամենի մեջ տրամաբանություն չկա, ոչ էլ` դրդապատճառ: Վարդան Սեդրակյանին չեն հարցաքննել ԱԱԾ-ում, ոչ էլ կանչել են դատախազություն:  Նա շեշտեց, որ նախ, ինքը որեւէ կապ չունի այս ամենի հետ, եւ հետո օրենքը թույլ չի տալիս իրեն կանչել հարցաքննության, քանի որ ինքը նախագահի թեկնածու է: 

Թե ինչ կապ ունի նա հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, նախագահի թեկնածուն կոչ է անում հարցնել նրանք, ովքեր վարել են այդ գործը: «Հետեւողականորեն ինչ-որ ստերետոիպ են ուզում ստեղծել, որ տեսեք այս մարդը նման անցյալ է ունեցել: Կապված Հայրիկյանի հետ, քանի որ ձերբակալվեցին մարդիկ, որոնց անձամբ ճանաչում են, չեմ կարող ասել, որ իշխանությունները մտածված են արել: Իրավիաճակն այնպիսին է, որ իշխանություններին սա ձեռնտու տարբերակ է, նրանց մոտ որեւէ բան չի ստացվի: Եթե ես այդ ամբողջ սպանությունների մեջ եղել եմ, այդքան անճար վիճակում եմ հայտնվել, որ կաֆել խփողի եմ նման առաջադրանք տալիս, անլուրջ է այդ մոտեցումը»,- նշեց նա:

Հարցին, թե Հայրիկյանի գործով կալանավորվածների հետ երբեւէ խոսե՞լ եք Հայրիկյանի մասին, նա հարցով պատասխանեց, թե. «Ձեր հարեւանի հետ նախագահական ընտրությունների մասին դուք չե՞ք խոսում»: «Մեկը կաֆել խփող մարդ է, մեկը` տաքսու վարորդ, դուրս եկեք, տեսեք տաքսու վարորդները ի՞նչ են խոսում նախագահի թեկնածուների մասին»,- նշեց նա:

Ի դեպ, էպոսագետ ներկայացող թեկնածուն «բացահայտեց» նաեւ, թե մինչ էպոսագիտությունը ինչով է զբաղվել, սակայն խուսափեց կոնկրետ նշել: Նա տեղեկացրեց, որ առեւտրով է զբաղվել. «Հայաստանից էլ եմ ապրանք տարել, ի՞նչ տարբերություն, թմրանյութեր երբեք չի եղել: Նայած թե այդ ժամանակ որտեղ ինչի պահանջարկ է եղել, Չինաստան եմ գնացել, օրինակ` կարող է կոշիկ, անորակ շոր եմ տարել»,- ասաց նա` հավելելով, որ առեւտրի կետ չունի եւ այժմ ապրում է իր փողերով:  Հարցին, թե մեծ բիզնեսո՞վ եք զբաղվել, որ այժմ ոչ մի տեղ չաշխատելով ապրում եք ձեր փողերով, նա պատասխանեց, որ «մեծ բիզնեսով զբաղվում են հզոր կառույցները»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am