Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր  թեկնածուներին Գառնիկ Իսագուլյանը ճանաչում է: Այս մասին, այսօր՝  փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը

Անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Արամ Հարությունյանի եւ Վարդան Սեդրակյանի «կուրատորն» է, նա նշեց, որ  Արամ Հարությունյանին ճանաչում եմ շատ վաղուց, սակայն  մի երկու տարի է, իրենց հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Նա պարզաբանեց, որ զուտ անձնական խնդիր է առաջացել իրենց ընկերոջ հետ կապված, անախորժություն է եղել, եւ այժմ առանձնապես մտերիմ չեն, չեն հանդիպում, հարցեր չեն քննարկում, սակայն չի բացառվում, որ մի օր հանդիպեն:

Ինչ վերաբերում է էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին, ապա նրա հետ ամենաքիչն է հանդիպել:  «Շատ հաճախ հանդիպել եւ զրուցել ենք, երբ անվտանգության հարցերով խորհրդական էի: Առիթ եմ ունեցել  զրուցելու նրա հետ, ես միշտ իրեն ասում էի՝ գոնե էպոսի հետ կապված որեւէ գիտական աշխատություն ունե՞ք, թե` ոչ: Զրուցել ենք, եղել են դեպքեր, որ ինքը գտնում էր, թե ինքն է Մհերը, որ դուռը պետք է բացվի: Ես միշտ վիճել եմ, որ ինքը էպոսը լավ չի ուսումնասիրել եւ լավ չգիտի: Որեւէ մեկը չհարցրեց, թե ինքը գոնե որեւէ գիտական աշխատություն ունի՞ էպոսի մասին, թե` ոչ»,- մասնավորապես նշել է Գառնիկ Իսագուլյանը:

Նա շատ լավ է ճանաչում նաեւ հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, նրա հետ շատ է հանդիպել, զրուցել: Նրան համարում է  ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն եւ կոչ է անում դադարեցնել հացադուլը` հանուն իրեն: Միեւնույն ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը ճիշտ չի համարում նրա հասցեին հնչող քննադատությունը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am