Այդ հայտարարությունները վկայում են քաղաքական գործընթացների «աչալուրջ չլինելու մասին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցված անուղղակի մեղադրանքներին:

«Իհարկե Հայրիկյանի դեմ հանցագործությունը հարված էր, հիմա դրա ածանցյալ շարունակություններն ենք տեսնում, այդ ամենը երկրում իրադրության վրա էապես չի ազդում: Ընտրությունները եղել են շինծու, ընտրությունները կլինեն շինծու` անկախ նրանից ով ում կմեղադրի եւ ինչ պիտակներ կդնի, էությունը դա չէ, նման բաները շեղում են մարդկանց ուշադրությունը բուն էությունից: Ընտրություններում մասնակցեց հակասահմանդրական քաղաքական ուժը, բոլոր կողմերից լսում ենք, որ նորից ընտրակաշառք է բաժանվում, կատարվում է հարկադրանք, այսինքն` նույնը, ինչ անցյալ ընտրություններում, ձեւավորվում են մոբիլ խմբեր, որ կրկնակի, բազմակի ընտրությունների մասնակցեն տարբեր մարդկանց անուններով եւ նրանք քվեարկում են մի քանի անգամ, այսինքն, այս տեսակի խոսակցությունները միգուցե նպատակ ունեն հանրությանը շեղելու բուն իրականությունից, որը կա, որը հանրությանը ծանոթ է»,- նշեց նա:

Թե ովքեր են Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպողները կամ արդյոք այդ գործով կալանավորված անձինք կապ ունեն այդ հանցագործության հետ, թե ոչ, նախագահի թեկնածուն ձեռնպահ մնաց ոչ մասնագիտական գնահատականներից: Բայց Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ «իրավապահ մարմինների բացատրությունները լիարժեք առայսօր չլսեցինք, ոչ վարկածների շարքը ներկայացրեց հանրությանը, ոչ հանրությանը հուզող հարցերին պատասխանեցին»: «Եթե հանցագործներն այսօր գտնվում են ԱԱԾ-ի ձեռքում, եւ իրենց մեղքը ճանաչել են, ապա ինչու պարզ չէ` ով է պատվիրատուն, այս հարցի շուրջը շահարկումներ չպետք է լինեն, եթե կա, նշանակում է ԱԱԾ-ն իր պարտականությունները չի կատարում: Տեսնում ենք, որ շահարկումները ազդում են մարդկանց կարծիքի վրա, հետեւաբար, դա անթույլատրելի է հասարակության կողմից»,- նշեց նա:

Նախագահի թեկնածուն կարծիք հայտնեց, որ լրագրողները չեն կատարում իրենց պարտականություննները, նրանք պարտավոր են հավաքել տեղեկություններ, սակայն դա չեն անում, փոխարենը` հենվում են այն տեղեկությունների վրա, որը տալիս է ԱԱԾ-ն: Խոսելով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի` Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ արած հայտարարությունների մասին, Անդրիաս Ղուկասյանը նշեց հետեւյալը. «Եթե ինֆորմացիոն վակուում կա, յուրաքանչյուր մեկը ինչ ասես կարող է խոսել, եթե լրագրողները չեն կատարում իրենց պարտականությունները եւ տանում, բերում են պաշտոնական տեղեկատվությունը, այդ վակուումը լրացնում է մարդկանց տարբեր կարծիքներով, որոնք մատուցվում են հանրությանը»: Նախագահի թեկնածուն նշեց, որ լրագրողները իրեն հարց են տվել թե իր կոշիկների, թե հագուստ, թե «Ֆլամինգո» ռեստորանի, թե գլխարկի վրայի նշանի եւ այլնի մասին, սակայն Վարդան Սեդրակյանի կենսագրությունը լրագրողները չեն ուսումնասիրել: «Որեւէ կարծիք հնարավոր է ձեւավորվել` հիմնվելով ինֆորմացիայի վրա, ոչ թե ինտուիտիվ կամ մարդու դեմքին նայելով: Լրագրողական դաշտը չի կատարել իր պարտականությունները»,- նշեց նա:

Իսկ թե որքանով է նրա համար արժանահավատ Հայրիկյանի դեմ մահափորձում ռուսական իմպերիալիզմի հետքեր փնտրելը, ինչպես եւ հայտարարել էր նախագահի թեկնածուն, ապա Անդրիաս Ղուկայսանը նշեց, որ հետագայում Հայրիկյանը վերաձեւակերպեց իր հայտարարությունը եւ իմաստ չկա մեկնաբանել այն, ինչը արդեն անցյալում է:

Նշենք, որ հունվարի 21-ից հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին հերթապահող բժիշկները:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր` փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Սեդրակյանը նշել է, թե հիմքեր ունի կարծելու, թե Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից: Ըստ Սեդրակյանի, այդ մասոնական օթյակների անդամներ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Ավելին, Սեդրակյանը նշել է, թե վաղուց գիտեր, որ իր դեմ ինչ-որ բան է կազմակերպվում:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մահափորձի մեջ կասկածվող երկու անձինք ճանաչում են Սեդրակյանին, վերջինս էլ օրեր առաջ նշել էր, որ առաջիկայում իրեն ձերբակալելու են: