ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ ոչ դրսի ուժերը կապ ունեն, ոչ նախագահի թեկնածուներ Վարդան Սեդրակյանն եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա համոզված է, որ մահափորձը կապ չունի դրսի հետ, Վարդան Սեդրակյանը եւս հաստատ կապ չունի մահափորձի հետ: «Վարդան Սեդրակյանին պետք չէր Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպել: Իրականում Վարդան Սեդրակյանի առաջադրման հիմքը ո՞րն է, եթե իմանամ, թե ինչի համար է առաջադրվել, այդ հարցին կպատասխանեի»,- նշեց նա՝ անդրադառնալով Սեդրակյանի հայտարարություններին, թե ընտրություններից հետո իրեն կձերբակալեն:
Նա վստահ է նաեւ, որ մահափորձի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս կապ չունի, կապ չունեն նաեւ դրսի ուժերը: «Եթե իշխանություններն ուզում էին վնաս տալ, ամենահարմար թեկնածուն ես էի, որովհետեւ ամենակոպիտ ձեւով ես էի քննադատում, ինձ հետ ինչ-որ բան կպատահեր»,- ասաց նա:
Արամ Հարությունյանը շեշտեց նաեւ, որ «գիտի, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ով է կազմակերպել մահափորձը», սակայն ինքը այդ մարդկանցից չէ եւ չի ցանկանում ենթադրություններ անել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











